«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Գաղափարական ասելիք չկա

Գաղափարական ասելիք չկա
09.11.2018 | 01:25

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը կարճ կլինի ոչ միայն ժամանակահատվածով, այլև ասելիքով: Ներկա իշխանությունները հասարակությանն ինչ-որ բան ասելու, գաղափարներ ու ծրագրեր ներկայացնելու անհրաժեշտություն չունեն. բավական է մեկ-երկու խրոխտ ելույթ կամ Facebook-յան լայվ, և խորհրդարանում ցանկալի թվով մանդատներն ապահովված են: Մասնակից մյուս ուժերն էլ, մեծ հաշվով, ոչինչ ասել չեն կարող, որովհետև եթե քննադատեն գործող իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, մատնացույց անեն բացթողումները կամ սայթաքումները, էյֆորիայի ազդեցության տակ գտնվող հասարակությունը չի ների նրանց ու կանվանի սև ուժեր: Այդ կուսակցությունները, հասկանալով քննադատության դիմաց վճարելիք գինը, չեզոք կեցվածք կընդունեն, իսկ նրանց ասելիքը կվերաբերի նախորդ իշխանություններին, որոնց կվատաբանեն, կփնովեն, անարգանքի սյունին կգամեն, կհիշեցնեն՝ ինչքան վատն էին, ինչ է թե որևէ կերպ շահեն ընտրողների սիրտը: Վերջիններս, անշուշտ, այդ հայտարարությունները զրնգուն գոչյուններով կընդունեն՝ մոռանալով, որ նմանատիպ հայտարարություններ անող ուժերի մեծամասնությունը նախորդ իշխանությունների ստվերում սեփական կյանքն էր դասավորում:
Ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Հանրապետականի» ասելիքը նույնպես գաղափարական դաշտում չի լինելու: Նրանք քննադատելու են ներկաներին, նրանց թույլ տված սայթաքումներն են ի ցույց դնելու՝ խուսափելով նոր գաղափարներ կամ ծրագրեր ներկայացնելուց մեկ պարզ պատճառով. եթե պետությանն անհրաժեշտ ծրագրեր ու գաղափարախոսություն ունեին, ինչու՞ այդքան տարի չէին կիրառում:
Բոլոր ընտրությունների ժամանակ էլ քաղաքական ուժերն առաջնորդվում են մարդկանց ականջը շոյելու սկզբունքով՝ երրորդական պլանում թողնելով ապագայի մասին տեսլականներն ու առաջնահերթությունները: Քարոզարշավի գագաթնակետը ժողովրդին հալածող երևույթների, դեմքերի ու դեպքերի գոնե երևակայական ոչնչացումն է, ինչն արդեն ամիսներ շարունակ անում է Նիկոլ Փաշինյանը: Փաստ է, որ վերջինիս հայտարարությունները մեծ ոգևորությամբ են ընդունում իրավիճակի փոփոխությանը հավատացողները, չնկատելով, որ ամենատարբեր բարձրագոչ հայտարարություններն այդպես էլ միայն հայտարարության մակարդակում են մնում: Կարծում եմ՝ պաթետիկ ելույթներ ու սրտմաշուկ երևույթներ կլինեն թե՛ քարոզարշավի ժամանակ, թե՛ անգամ դրանից հետո, մինչև հասարակությունը հասկանա, որ նախորդ իշխանություններին քննադատելուց ու լայվային «անկեղծ զրույցներից» շատ ավելի կարևոր էին գաղափարներն ու ծրագրերը, դրանց հասնելու պատկերացումներն ու ռազմավարությունը, որոնց մասին իրենց ոչ ոք ոչինչ չի ասել:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4229

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ